четверг, 22 ноября 2018 г.

Իրականությունը Քոչարյանի մասին․երկրաշարժ տեսած Գյումրին և պատերազմող բանակը թալանած թեկնածուն


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ Քայլը» դաշինքը կարծես սկզբունք է դարձրել նախկին բոլոր իշխանությունների ժամանակ ամենաաղմկոտ գործերով և ամենամեծ թալանով զբաղված անձանց իր ցուցակ տանելը:
Դրանցից ամենավառը կոռումպացվածը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին  բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանն է, որը նաև մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ էր: Անդրանիկ Քոչարյանի մասին այսօր շատերը գիտեն միայն փաստահավաք խմբի մասով, բայց իրականությունը բոլորիվին այլ է: Նրա 90-ակաների գործունեությունը խոսում է այլ մարդկային որակների մասին, որը շատերը չգիտեն:

Տարիներ առաջ ArmWord կայքում հրապարակվել էր մի հոդված: Հոդվածագրի զրուցակիցները պատմում էին Անդրանիկ Քոչարյանի 80-ականների վերջի և 90-ակաների սկզբի գործունեության մասին, որը դասական առումով կարելի է համարել  պետական ռեսուրսների թալան: Անդրանիկ Քոչարյանը այնքան բարոյազրկված էր՝ իր այդ գործունեության մեջ, որ նույնիսկ չէր խորշել թալանել երկրաշարժից հետո Գյումրի եկած օգնությունը և բազմաթիվ տեխնիկաներ, որոնց միջոցով պետք է տներ կառուցվեին։ Վերցրել էր տեխնիկան և Ռուսաստանում հիմնել էր իր շինարարական բիզնեսը ու այդ տեխնիկան ուղարկել էր այնտեղ, որ իր բիզնեսին ծառայեցնի: Անդրանիկ Քոչարյանն իր թալանը շարունակել է նաև պատերազմի տարիներին:
Ավելի լավ հասկանալու համար իր գործունեությունը՝ մենք ներկայացնում ենք՝ ArmWord կայքի հոդվածն անբողջությամբ, որը բացահայտում է Անդրանիկ Քոչարյանի իրական կերպարը, որի մասին շատ քչերը գիտեն:
Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե Շիրակի մարզում որպես լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ինչեր է թալանել, խնդրում եմ բարձրացրեք այն ժամանակվա թերթերը։ Մամուլը գրում էր, որ իր առանձնատունը կառուցելու համար Շիրակի մարզից տոննաներով մետաղ է բերել Երեւան։ Անձամբ ես Անդրանիկ Քոչարյանին առնչվել եմ 1992 թվականին, երբ նա պաշտպանության փոխնախարարն էր։ 
  
Նախկին դատախազի տեղեկացմամբ, 1992թ. Մեղրիի մի խումբ բնակիչներ դիմում էին գրել գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին այն մասին, որ Մեղրիում պետական ունեցվածքի բացահայտ թալան է, մասնավորապես հափշտակվել է Նախիջեւանի ճանապարհի փակ լինելու պատճառով «Մեղրի» երկաթուղային կայարանում մնացած ավելի քան 40 վագոն ապրանք։
   -
Գլխավոր դատախազի հրամանով ես (այն ժամանակ աշխատում էի քննչական վարչությունում որպես զոնալ դատախազ, սպասարկում Սյունիքի մարզը եւ Մեղրին) եւ քննչական վարչության դատախազ Հրաչիկ Հովհաննիսյանը գնացինք Մեղրի,- պատմում է Ս.Հովսեփյանը։ -Ճանապարհին ձյուն էր, մեծ դժվարությամբ հասանք։ Առաջին օրը բացատրություն վերցրինք դիմումատուներից, որեւէ մեկը չհրաժարվեց իր գրածից, բոլորը հաստատեցին, որ հափշտակություն է կատարվել։ Արդեն տեղեկություններ էին ներկայացրել, թե ում տանն ինչ կա, որտեղ է հափշտակվածի մեծ մասը։ 
  
Թեեւ վագոնների մեծ մասը Նախիջեւանում պետք է բեռնաթափվեին, բայց քանի որ Ադրբեջանը Հայաստանի վագոններն արդեն բազմիցս թալանել էր, «Մեղրի» կայարանում գտնվող այդ վագոնները նույնպես, բնականաբար, մեր պետության ունեցվածքն էին, համենայն դեպս, պետական հսկողության, տնօրինության տակ գտնվող ապրանքներ էին։ 
  
Ըստ նախկին դատախազի, վագոններում նորագույն հեռուստացույցներ եւ տեսամագնիտոֆոններ (նաեւ՝ արտասահմանյան արտադրության), գործող հաստոցներ, Հայաստանի գործարանների համար ուղարկված նյութեր եւ այլ ապրանքներ են եղել։
   -
Ինչպես նշեցի, մեզ արդեն ասել էին, թե այդ բոլորը որտեղ են,- ասաց Ս.Հովսեփյանը։ -Հետագայում պարզվեց, որ այդ հեռուստացույցների, նորագույն տեխնիկայի, մյուս արժեքավոր նյութերի մեծ մասը հափշտակվել է պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հովանավորության ներքո։ 
  
Երեկոյան ես եւ Հրաչիկ Հովհաննիսյանը, քանի որ Մեղրիի հյուրանոցը չէր աշխատում, մեր ծանոթներից մեկի՝ դատավոր տիկին Անահիտի սկեսրոջ բնակարանում էինք, Ագարակում։ Նստած զրուցում էինք, երբ տանտիրուհին՝ 60-ն անց մի կին, հանկարծ ասաց՝ Սոկրատն ով է, Սոկրատին հեռախոսի մոտ են կանչում։ Ինքն ինձ չէր ճանաչում, ուղղակի գիտեր, որ Անահիտի հետ ինչ-որ առումով գործընկերներ ենք եւ երկուսս էլ պետական համակարգում ենք աշխատում։ 
  
Զարմանալով, որ կարող են իրեն հեռախոսի մոտ կանչել (ըստ նախկին դատախազի, որեւէ մեկին հեռախոսահամարը չէին տվել եւ նույնիսկ գլխավոր դատախազությունում չգիտեին, թե իրենք այդ օրն ուր են իջեւանել), մեր զրուցակիցը մոտեցել է հեռախոսին։ 
   -
Ընկալուչը վերցնելով,- շարունակեց Ս.Հովսեփյանը,- լսեցի շատ կոպիտ տոնով մի հարց՝ ո՞վ ա, ասացի` քննչական վարչությունից, Սոկրատ Հովսեփյան։ Հարցրեց՝ քանի՞ հոգի եք, պատասխանեցի՝ երկու։ Այնուհետեւ հրամայական տոնով ուղղակի սպառնաց՝ մինչեւ առավոտյան ժամը 10-ը այդտեղից «սիկտիր» եղեք, թե չէ եկա ձեր մաման... (խուլիգանական հայհոյանք)։ Նաեւ ասաց՝ եթե մինչեւ ժամը 10-ը չհեռանաք, հասա Մեղրի, երկուսիդ էլ կգյուլլեմ։ 
  
Սպառնալիքին ի պատասխան, ասացի, որ ես չեմ կարող մորդ նույն ձեւով վարվել, բայց եթե ուզում ես, կնոջդ հետ առավոտյան արի Մեղրի։ Բնականաբար հարցրեցի, թե ում հետ եմ խոսում։ Չթաքցրեց՝ պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի։ Իսկույն հասկացա, որ այդ տեղեկությունները նրան հասցրել էր հայտնի Ղեւոնդը։ Ասացի նաեւ, որ եթե հասնեմ Երեւան, այն ժամանակ կտեսնի, թե ով ում, բայց չհայհոյեցի։
  
Իսկ ո՞վ է Ղեւոնդը։ Նախկին դատախազի տեղեկացմամբ, նա նախկինում, մինչեւ Արցախյան շարժումը, ավտոմեքենայի թիթեղագործդզող-փչող») է եղել, հետագայում Մեղրիում գումարտակի հրամանատար, որը, ինչպես ժողովուրդն է ասում, ծակվելու, թմրանյութի մեծ չափաքանակ ընդունելու պահին սրտի ինֆարկտից մահացել է։
   -
Բնականաբար այդ թալանը կատարվել էր նաեւ ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթեւոսյանի հովանավորության ներքո, որը հիմա մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կալանավորված է, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Ի դեպ, գյուղատնտես լինելով, Դավիթ Մաթեւոսյանը Լեւոնի ժամանակ նշանակվել էր Մեղրիի ՆԳ բաժնի պետ։ Նա եւ Ղեւոնդը մտերիմներ էին, Ղեւոնդի միջոցով էլ կատարվել էր այդ գույքի հափշտակությունը։ Հավանաբար մեծ մասը հասել էր Անդրանիկ Քոչարյանին, որ նա Երեւանից զանգահարեց եւ այդպես սպառնաց մեզ։ Այլապես ի՞նչ խնդիր ուներ մեզ հետ, պաշտոնատար անձինք էինք եւ մեր աշխատանքային պարտականություններն էինք կատարում։ 
  
Ըստ մեր զրուցակցի, առավոտյան ժամը 8։30-9։00-ի սահմաններում իրենց զանգահարել է այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ Միշա Գրիգորյանը (նա քննչական վարչության աշխատանքների վերահսկողն է եղել) եւ կարգադրել դադարեցնել ստուգումները ու շտապ վերադառնալ։