ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին:
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:
Հետաքրքիր է, որ Գերոգի Մուրադյանը այդքան էլ մաքուր անցյալ չունի, եթե իհարկե չասենք, որ այն կեղտոտ է: Պարզվում է 2006 թվականին նա մի քարեկան պատմության կիզակետում է եղել: Այս մասին տարիներ հետո գրել էր Հրապարակ օրաթերթը, որը ներկայացնում ենք ստորև:
2006 թ. սկզբին «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով: Դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Սակայն, հասկանալի է, ամերիկացիները ժամանակից շուտ չէին ուզում «փախցնել» ծանրոցի հասցեատիրոջը, որպեսզի, ինչպես ասում են, հանցագործության տեղում «վերցնեն» նրան, ուստիեւ տեղյակ են պահում իրենց հայաստանյան գործընկերներին: Մինչդեռ «հնարամիտ» Մուրադյանն ինքն անձամբ չի գալիս ստանալու «ծանրոցը», այլ համոզում է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն, նրանց տալով մի անդորրագիր... Բանից «բեխաբար» աղջիկները գնում են ստանալու ծանրոցը եւ իհարկե տեղում ձերբակալվում ՀՀ պատկան ծառայությունների աշխատակիցների կողմից: Բնականաբար, նրանք անմիջապես պատմում են, թե ինչպես է «մեծ ջենտլմեն» Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց: Էլի, բնականաբար, վերջինս անմիջապես ձերբակալվում է, որից հետո ԱՄՆ-ում ձերբակալում են նաեւ իր հանցակցին: Մուրադյանը դատապարտվում է, սակայն մի որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ... Անցնելով առաջ ասենք, որ Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն եւ հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանը, նրան մոտիկից ճանաչող մարդկանց վկայությամբ, չափազանց ծանր տարավ որդու խայտառակությունը եւ ջանք չխնայեց վերջինիս ազատելու համար: